Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցած մեկ օրում աճել է 16-ով։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 265 է, որոնցից 16-ը՝ առողջացած:
Նշվում է, որ բացասական արդյունք է արձանագրվել 1315 թեստավորման դեպքում:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն արտակարգ դրություն է հայտարարված:
Պարետի որոշմամբ էլ՝ այսօրվանից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ը ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Քաղաքացիներին կոչ է արվում տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և պարետի կողմից հաստատված տեղաշարժման թերթիկը՝ լրացված տարբերակով:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
-մնացե'ք տանը,
-սահմանափակե'ք շփումները,
-հետևե'ք անձնական հիգիենային,
-հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
-հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
-շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
-գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
-եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
-պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
-խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին: