Տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ պաշտոնատար անձ հանդիսացած Բեգլարյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:
«Նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների և ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008 թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը, ապա 2009 թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, նշված անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը 23.120.000 ՀՀ դրամով, օտարվել է, իսկ 2011 թ. փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24.000.000 ՀՀ դրամով գրանցվել է հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես որդու սեփականություն»,-մանրամասնում են ԱԱԾ-ից՝ հավելելով, որ ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեղադրյալին հայտնաբերելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ Գագիկ Բեգլարյանը 2002-ին ընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ, այդ պաշտոնում վերընտրվել է 2005-ին և 2008-ի սեպտեմբերի 28-ին: 2009 թվականի մարտի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ՝ մայրաքաղաքը ղեկավարելով մինչև 2010 թվականի դեկտեմբերի 8-ը: