Հեռավար ուսուցումն առավել մեծ թվով աշակերտների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցներին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.
«Հարգելի քաղաքացիներ,
Մեր երեխաների կրթության ապահովումը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում մեր բոլորի հոգածության ամենակարևոր առարկաներից մեկը պիտի լինի։
Ուստի հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցների (համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմվելիք ցանկի)։
Կարծում եմ, որ կգտնվեն բազմաթիվ պետական ու մասնավոր այլ կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ, որոնք ունեն աշխատանքային վիճակում գտնվող, բայց չօգտագործվող համակարգիչներ։ Ինձ թույլ կտամ նաև կոչ անել այդպիսի կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։
Առողջ եղեք
Հոգ տարեք միմյանց մասին»:
Նշենք՝ կրթական գերատեսչությունը հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով հեռավար՝ կրթության heravar.armedu.am հարթակի գործարկման մասին հայտարարեց ս.թ. մարտի 17-ին: