ՀՀ առողջապահության նախարարի խնդրանքով՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել է 1 տոննա կանխարգելիչ և ախտահանիչ պարագաների ներմուծում Հայաստան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Վերջին 2 շաբաթվա ընթացքում մեր գրասենյակը նույնպես լծվել է Սփյուռքից դեղորայքի, բժշկական պարագաների ներկրմանը։ Առողջապահության նախարարի խնդրանքով՝ համաճարակը վերահսկելի դարձնելու նպատակով, կազմակերպել ենք մոտ 1 տոննա կանխարգելիչ, ախտահանիչ, պաշտպանիչ, ինչպես նաև բժշկական տարբեր պարագաների ներմուծում Հայաստան։ Շաբաթվա սկզբին այդ բոլոր պարագաները Հայաստանում էին։ Այս գործընթացը շարունակական է, քանի դեռ մենք ունենք կարիքներ։ Մենք ունենք մեզ օգնելու պատրաստ բժշկական ոլորտում աշխատող անձինք, կազմակերպություններ, և, բնական է, որ պետք է շարունակենք աշխատել և նմանատիպ ապրանքներ հնարավորինս շատ հասցնենք Հայաստան»,- ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։
Սինանյանը շնորհակալություն հայտնեց Հայկական բժշկական միջազգային կոմիտեին (Armenian medical international committee (AMIC), բժիշկներ Շահան Չխրդմյանին, Վիգեն Սեպիլյանին, Հայաստան համահայկական հիմնադրամին, որոնք օգնել են Հայաստան հասցնել բժշկական բոլոր պարագաները։ Նա շեշտեց, որ միջազգային գործընկերների կողմից օգնելու պատրաստակամության պակաս Հայաստանը չունի։