Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը մամուլի ասուլիսի ընթացքում հերքել է այս օրերին շրջանառվող մի շարք տեղեկություններ՝ կապված որոշ ապրանքատեսակների դեֆիցիտի և թանկացման հետ։
Սպիրտի թանկացումը, Հանձնաժողովի նախագահի խոսքով, որևէ առնչություն չունի կորոնավիրուսի տարածման հետ։ Նա ընդգծել է, որ գնի բարձրացումը կապված է բացառապես հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններով, ինչը համահունչ է ԵԱՏՄ մեր պարտավորություներին:
Գեղամ Գևորգյանը հերքել է նաև ալյուրի թանկացման մասին լուրերը՝ հայտնելով, որ Հանձնաժողովը մշտական մոնիթորինգ է իրականացնում խոշոր առևտրային ցանցերում. այնտեղ ալյուրի գնաճ չի արձանագրվել։ Գևորգյանը չի բացառել, որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ կարող են օգտվել իրավիճակից և անհիմն թանկացնեն ապրանքների գները՝ նշելով, որ նման դեպքերը հայտնաբերվելու և պատասխանատվության են ենթարկվելու։
Ինչ վերաբերում է ալկոգելի դեֆիցիտին և գնի բարձրացմանը` Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ Հայաստանում գործում են ալկոգել արտադրող մի քանի ընկերություններ, որոնց հետ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա կապի մեջ է, և տեղական արտադրողները ալկոգելի գինը չեն բարձրացրել։
Անդրադառնալով որոշ քաղաքացիների՝ մեծ քանակով զուգարանի թուղթ և անձեռոցիկ գնելուն՝ ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ մեծաքանակ գնումների կարիք չկա, քանի որ Հայաստանում գործում է անձեռոցիկի, զուգարանի թղթի, օճառի և մի շարք այլ տնտեսական ապրանքների արտադրություն։