ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորհրդակցության ժամանակ կայացրել է կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը նպաստող մի շարք որոշումներ: Այս մասին հայտարարված է նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցեր, ներկայացվելու է ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող ընկերությունների ցանկ` ուսումնական հաստատություններում ախտահանման և հիգիենայի ապահովման գործողությունները պատշաճ կազմակերպելու համար: Կազմակերպվելու են առցանց հարթակներ ուսումնական հաստատությունների սաների կրթական գործընթացների շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Կազմվել են նախարարության աշխատակիցների խոցելի խմբերի ցանկեր` աշխատանքը հեռավար կազմակերպելու համար:
«Վաղվանից խիստ միջոցառումներ կիրականացվեն նախարարությունում հակահամաճարակային գործողությունների շրջանակներում` աշխատակիցների ջերմաչափումներ, ձեռքերի ախտահանում և այլն: Հանձնարարվել է թանգարանների և թատրոնների հետ մշակել և կազմել առցանց ծրագրերի ցանկ` սահմանափակումների այս փուլում աշակերտների կրթամշակութային ներգրավվածությունն ապահովելու համար: Կայացվել են այլ որոշումներ», - ասված է հաղորդագրությունում: