Տուն-ինտերնատներում խնամվող անձանց կենցաղային պայմանները և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Կառավարության լրատվական վարչության հաղոդմամբ՝ ըստ այդմ՝ նախատեսվում է տարեցների համայնքային փոքր տների ստեղծում, ինչը համահունչ է խնամքի ծառայությունների ապա ինստիտուցիոնալացման՝ կառավարության որդեգրած գաղափարին: Ներկայում հանրապետությունում գործում է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն, այդ թվում 7-ը՝ ոչ պետական:
«Բոլոր հաստատություններում միասին շուրջօրյա խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1390 մարդ (որից՝ ոչ պետական հաստատություններում 180 մարդ), իսկ տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 3800 մարդ, իսկ ցերեկային կենտրոններ հաճախում են շուրջ 2000-ը: Տարեցների փոքր տունը նոր տիպի կառույց է, որն էականորեն տարբերվելու է այսօր գործող խնամքի տներից: Յուրաքանչյուր տարեցի ապահովվածությունը բնակելի մակերեսով պետք է լինի ոչ պակաս քան 6 քմ և յուրաքանչյուր սենյակում պետք է բնակվի ոչ ավելի, քան երկու անձ՝ ի տարբերություն ներկայիս գործող խնամքի պետական հաստատությունների, որտեղ մեկ սենյակում բնակվում են 2-7 անձ»,-մանրամասնում են գործադիրից՝ նշելով, որ որոշմամբ առաջարկվում է հատկացնել 24 միլիոն 133.9 հազար դրամ կամ 45.44 հազար եվրո՝ անշարժ գույքի, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: