ՀՀ Վարչական դատարանը վճռել է բավարարել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի։
Այդ մասին տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը։
Հաղորդագրությունում ասված է․
«10․03․2020թ․-ին ՀՀ Վարչական դատարանը վճռելէ բավարարել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ Վարչապետի աշխատակազմի՝ պարտավորեցնելով վարչապետի աշխատակազմին տրամադրել նախարարների, նախարարների տեղակալների, նախարարությունների գլխավոր քարտուղարների և մարզպետների՝ պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը։
Հիշեցնենք, որ 2019թ․-ին հոկտեմբերին ԶԼՄ-ներում շրջանառվել են տեղեկություններ այն մասին, որ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է։
Նշված հարցի շուրջ 23․10․2019թ․-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է պարգևատրումային համակարգի կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի» դրոշմագրի ներքո շրջանառված փաստաթղթի առկայությունը։
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը 30․10․2019թ․-ին ՀՀ Վարչապետի աշխատակազմից հարցմամբ խնդրել է տրամադրել նշված փաստաթղթի օրինակը։
06․11․2019թ․-ին Վարչապետի աշխատակազմը մերժել է հայցված տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ խնդրո առարկա որոշումը պարունակում է գաղտնի նշագրում։
06․12․2019թ․-ին «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Վարչապետի աշխատակազմի՝30․10․2019թ․-ի հարցմամբ հայցված տեղեկատվության տրամադրումը պարտավորեցնելու պահանջի մասին։
ՀՀ Վարչական դատարանն արձանագրել է, որ օրենքով նախատեսված վարձատրությունից զատ նշված պաշտոնյաների պարգևատրումների մասին ևս հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, քանի որնշված տեղեկատվության սահմանափակումը չունի որևէ իրավաչափ նպատակ»։
Նշենք՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2019-ի մարտին՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի և Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ։ Մելիքյանը, նշենք, այս օրերին գլխավորում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը։