ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, այնտեղ գտնվողներին էլ՝ անհապաղ ընդհատել ուղևորությունն ու վերադառնալ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, այնտեղ գտնվողներին էլ՝ անհապաղ ընդհատել ուղևորությունն ու վերադառնալ

2020-03-10 14:18 , Общество, 1358

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, այնտեղ գտնվողներին էլ՝ անհապաղ ընդհատել ուղևորությունն ու վերադառնալ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն (ՀՀ ԱԳՆ) այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից։

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ»-ասված է հայտարարությունում, որը տարածել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

Արտգործնախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է մշտական կապ պահպանել Իտալիայում Հայաստանի դեսպանության հետ։

Նշենք, որ Իտալիայի կառավարությունն ամբողջ երկրում կարանտին է հայտարարել: Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 1807-ով՝ անցնելով 9 000-ը, երկրում մահացել է 463 մարդ:

ՀՀ ԱԳՆ-ն մեկ այլ հայտարարությամբ էլ տեղեկացնում է, որ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հուշագիրը:

Նշվում է, որ ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ս.թ. մարտի 7-ից ՀՀ այցելության նպատակով ԻԻՀ քաղաքացիներին անհրաժեշտ է նախապես ունենալ մուտքի արտոնագիր, որի համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ/հյուպատոսական հիմնարկներ կամ մուտքի արտոնագիրն ստանալ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:

Արտաքին գործերի նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը աշխատում է արտակարգ ռեժիմով, ուստի ժամանակավորապես դադարեցվել է հյուպատոսական ընդունելության մատուցումը, և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ՀՀ մուտքի արտոնագիր հնարավոր է ստանալ միայն E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:

Лента

Рекомендуем посмотреть