Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիան, որին անդամակցում են Հանրապետության բոլոր FM ռադիոկայանները, «Երկիր Մեդիա», «Շանթ», «5-րդ ալիք» և այլ հեռուստաընկերություններ, մտահոգ լինելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններով՝ կոչ է անում չշրջանառել և առկախել այն։
Նշենք՝ նախագիծը հեղինակած ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանն առաջարկում են նշյալ օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով, ըստ որի՝ «Արգելվում է սպառողական կրեդիտի տրամադրման ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի (սոցիալական էջի) և բջջային հավելվածի կամ կրեդիտավորողի գրանցման/գործունեության հասցեի կամ սրահների ներսում: Սպառողական կրեդիտի գնի (տոկոսադրույքի) վերաբերյալ տեղեկատվությունը գովազդում պետք է ներկայացված լինի բացառապես տարեկան փաստացի տոկոսադրույքի միջոցով: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկը չպետք է պարունակի պայմանականություն, հաճախորդի վարքագծից կախված գնանշում, որը սպառողի մոտ կառաջացնի շփոթություն կամ մոլորություն տվյալ կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի կամ այլ ծախսերի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ սպառողական կրեդիտի գովազդը չպետք է ստեղծի տպավորություն, որ կրեդիտը տրամադրվում է անվճար կամ անտոկոս, կամ պարունակի վարկի գնի վերաբերյալ շփոթեցնող կամ մոլորեցնող այլ տեղեկատվություն: Սույն մասով նախատեսված գովազդը պետք է տեղադրված լինի այնպես, որ կրեդիտավորողի գրանցման/գործունեության հասցեի կամ սրահների տարածքից դուրս տեսանելի չլինի»:
Օրենսդիրներն առաջարկը հիմնավորում են նրանով, որ «ֆինանսական կազմակերպություններն, օգտվելով քաղաքացիների ֆինանսական գրագիտության պակասից, նույնիսկ երկարաժամկետ սպառողական վարկերի համար սահմանում են ԿԲ հաշվարկային դրույքաչափից մի քանի անգամ ավելի բարձր փաստացի տոկոսադրույքներ՝ դրան զուգահեռ իրականացնելով ոչ բարեխիղճ գովազդ եւ չիրականացնելով բնակչության ֆինանսական գրագիտության աճին միտված որևէ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քայլ»:
Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիայի տարածած հայտարարությունում, ահա, ասված է․
«Հայկական լրատվական դաշտում գործող հեռուստա և ռադիո ընկերությունները, լրագրողական և խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, ինչպես նախկինում, այնպես էլ հատկապես վերջին շրջանում, ստիպված են եղել պարբերաբար հրապարակային հայտարարություններով հանդես գալ լրատվական և գովազդային դաշտում իրարահաջորդ առանձին, մասնակի կարգավորումների փորձերի առիթով։
Ներքոստորագրյալ կազմակերպություններն արձանագրում են, որ
•հաճախ ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների, ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների կողմից շրջանառության մեջ դրվող թեզերը, օրենսդրական նախաձեռնությունները, ՀՀ Օրենքներում մասնակի փոփոխությունների առաջարկները խաթարում են լրատավական դաշտը կարգավորող և տևական ժամանակ գործած ՀՀ օրենսդրական միասնական տիրույթը,
•առանց շահագրգիռ կազմակերպությունների, հեռուստա և ռադիո ընկերությունների հետ խորհրդակցելու, գործնական դաշտում գործող և առկա խնդիրները խորքային գնահատող կողմի կարծիքը հաշվի առնելու, նոր գործիքակազմեր ներդնելով, առավել են խճճում պատկերը,
•առաջարկվող, շրջանառության մեջ դրված, կամ արդեն օրենսդրական տեսք ստացած (Հանրային հեռուստաընկերության եթերում գովազդ տեղադրելու արգելքը վերացնող «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը ՀՀ 2020 թվականի բյուջետային տարվա միջնամասում) ստեղծում են տնտեսական անկախանխատեսելի դժվարություններ, խնդիրներ, խաղի նոր կանոններ բյուջետային տարին արդեն պլանավորած և ռազմավարություն մշակած լրատվամիջոցների համար,
•լրատվական դաշտի համապարփակ վերակազմավորմանը կողմնակից ենք հատկապես մենք, որի արդյունքում է, որ շահագրգիռ մասնակցություն արդեն ունեցել ենք ՀՀ ԱԺ կազմակերպած լսումներին, պարբերաբար քննարկումներ ենք անցկացրել և պատրաստ ենք անցկացնել ԱԺ համապատասխան աշխատանքային խմբի հետ,
•ՀՀ ԱԺ կողմից «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համապարփակ վերամշակման նախաձեռնությանը զուգահեռ, անթույլատրելի է դրվագային հարցեր արծարծել և որոշումներ կայացնել, որի արդյունքում համակարգային փոփոխությունների փոխարեն ունենալու ենք հակասական լուծումներով ու գործիքակազմով մի օրենսդրական փաթեթ,
•Խոսքի ազատության պաշտպանության, լրատվամիջոցների իրական սեփականատերերի վերհանման, ազատ մրցակցության իրական և արհեստական մտահոգություններով առաջարկվող փոփոխությունները սպառնում են շատ հաճախ լրատվամիջոցների նյութական օրինական աղբյուրների կրճատման հետևանքով նրանց կախվածության մեջ դնել առանձին տնտեսական,քաղաքական կամ այլ տեսակ ոչ հրապարկային կախվածություններից։
Մեր արձանագրած զարգացումների տրամաբանության մեջ է մտնում օրերս ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Արտակ Մանուկյանի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու Պ-491-27.02.2020-ՖՎ-011/0 նախագիծը, որով հեռուստա և ռադիո եթերում գրեթե բացառում է վարկային կազմակերպությունների, վարկավորումների մասին հայտարարություններն ու գովազդը։ Արձանագրում ենք, որ
• լրատվամիջոցները հանրությանը հնարավորինս իրազեկելու, ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու նպատակով բազում անգամներ տեսա-լսողական ռեպորտաժներով ահազանգել ենք առկա խնդիրները, մարդկային ճակատագրերով ներկայացրել վարկավորման ոլորտում առկա խնդիրները,
•ֆինանսական այս ճյուղում առկա խնդիրների լուծման փոխարեն, փորձ է արվում արգելել գովազդային մի առանձին մաս, որի արդյունքում շահող են դուրս գալու այլ հարթակներ (համացանցային հրատարակություններ, սոցիալական տիրույթ), որի արդյունքում ոչ թե պաշտպանելու են սպառողին, այլ նրան տեղեկատվության հրամցման այլ ուղիների համար դուռ են բացելու միայն,
•մենք ևս մտահոգ լինելով այս խնդրով, համոված ենք, որ հարցի կարգավորումը ֆինասական, կարգավորիչ տիրույթում է և ոչ թե լրատվական հարթություններում։
Հաստատելով ու արձանագրելով այս ամենը, մեր մտահոգությունն ու անհանգստությունն ենք հայտնում, որ հակառակ բոլոր մեր հայտարարություններին, հրապարկային կոչերին, երկխոսության տարբեր փորձերին ու նախաձեռնությունների ժամանակ հնչեցրած փաստարկներին, շարունակվում են միակողմանի, առանց երկխոսության և կարծիքը հաշվի առնելու լրատվական դաշտում ուղղակի միջամտություններով սահմանափակումների կիրառման փորձերը։
Առաջարկում ենք, որ առկախվեն լրատվության, հեռուստա և ռադիո ոլորտում մասնակի փոփոխությունների նախաձեռնությունները մինչև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի լիարժեք և ամբողջական վերամշակումը, ինչին արդեն ձեռնամուխ է եղել ՀՀ ԱԺ մասնագիտական ենթահանձնախումբը։
Հայտարարարում ենք, որ այսուհետ ևս չենք լռելու նման դրսևորումների դեմ և պատրաստ ենք դիմել ՀՀ օրենսդրությամբ թույլատրված առավել արմատական միջոցների ու գործողությունների, այս վիճակը շտկելու, մեր խոսքի ազատությունը, ազատ տնտեսական գործունեության օրենսդրական դաշտը պաշտպանելու համար»։
Հավելենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանիև Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծն Ազգային ժողովում պաշտոնապես դրվել է շրջանառության մեջ, սակայն նստաշրջանի օրակարգում դեռևս ընդգրկված չէ։ Մեդիա կազմակերպությունների համար խնդրահարույցու մտահոգիչ նախագծի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար «Ռադիո Վան»-ը փորձեց կապ հաստատել պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ, որը սակայն, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում այսօրվանից մեկնելէգործուղման Սերբիայի Հանրապետություն։