Վաղը մայրաքաղաքի Անգլիական այգում (Խորենացի 22/2) իր դռները կբացի Պլանետարիումը, այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին: Այդ մասին տեղեկանում ենք Պլանետարիումի ֆեյսբուքյան էջից։
Պլանետարիումն աշխատելու է տեխնիկական ռեժիմով, որը ինչպես «Ռադիո Վանին» հայտնեցին Պլանետարիումից՝ նշանակում է, որ կառույցի արտաքին բարեկարգման աշխատանքները դեռ շարունակվում են։
Հիշեցնենք՝ Հայաստանում մասնավոր ներդրումներով ժամանակակից պլանետարիում կառուցելու մասին հայտարարվել էր 2018-ի փետրվարին։
Պլանետարիումի բացումը նախատեսված էր 2020-ի հունվարի 1-ին, սակայն տեխնիկական պատճառներով այն հետաձգվել էր։
Նախագիծը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի Պլանետարիում 1 թիմի (գմբեթի տրամագծի առումով ամենամեծը աշխարհում) և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի կողմից:
Պլանետարիումն ունի 14 մ տրամագիծ ունեցող էկրան և կարող է տեղավորել մինչև 50 մարդ:
Հանդիսատեսի տեղակայումը կլինի հարմար պարկերի վրա, այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին: