Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները:
«Երբ ստորագրում էի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը և հարակից ևս հինգ օրենքներ, ես, որպես Հանրապետության նախագահ և որպես քաղաքացի, խորհում էի՝ մի՞թե անպայման պետք է օրենք լինի, հասկանալու այն վնասը, որը ծխելու միջոցով հասցվում է առողջությանը, ընտանիքին, շրջապատին, միջավայրին,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ տարակուսելով, թե մի՞թե օրենքների իրավական չոր ձևակերպումները մեզ վրա ավելի մեծ ազդեցություն ունեն, քան այն հորդորները, որ լսում ենք ծնողից, հարազատից, ընկերոջից, քան ծխելու վնասի մասին պատմությունները, որ կարդում ենք գրեթե ամեն օր:
«Մեր կյանքում շատ գործողություններ պայմանավորում ենք ընտանիքով, մեր երեխաներով ու նրանց ապագայով: Դա մենք անում ենք մեր ներքին համոզմամբ, մեր ներքին պահանջով, մեր ազգային արժեքներին հավատարիմ: Չծխելով՝ մենք ևս մեկ քայլ ենք անում ի պաշտպանություն ընտանիքի, ի պաշտպանություն մեր գենոֆոնդի:
Չեմ կարծում, թե այնտեղ, որտեղ նախ մեր սթափ մտածելու կարիքը կա, առաջին հերթին օրենսդրական կարգավորում է պետք: Իհարկե, օրենքը գծում է որոշակի սահմաններ, որոնց պետք է ենթարկվել: Սակայն ձեզնից յուրաքանչյուրի որոշումն է՝ մտածե՞լ, թե՞ չմտածել ձեր, ձեր ընտանիքի, մեր ժողովրդի, մեր երկրի առողջության մասին:
... Փորձենք ապրել ավելի առողջ կենսակերպով: Առողջությունը ցանկացած տեսակի՝ մտավոր, ֆիզիկական թե հոգևոր գործունեության հաջողության երաշխիք է»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ «հակածխախոտային» անվանումը ստացած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովն ընդունել է փետրվարի 13-ին։
Դրանցով արգելվում է ծխելը հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Այդ օրենքների ընդունման նպատակն է հասնել Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդության ցուցանիշները: Արգելքից զատ՝ խախտումների համար նաև տույժեր են նախատեսված։