Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը 2.582.722 է․ ՀՀ ոստիկանությունը հրապարակել էապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ։
«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի, «Հանրաքվեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։
Այսպես.
քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2.582.722,
որից՝
- ըստ գտնվելու վայրի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը`129,
- հաշվառում չունեցող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 8»,-հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցենք՝ Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցությունն արձանագրելով, որ ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայություն կա, ճգնաժամը լուծելու նպատակով նախաձեռնել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվե, որը կայանալու է ապրիլի 5-ին։ Հանրաքվեի ներկայացված նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները, ինչը չի վերաբերվում դատավորներ Արման Դիլանյանին, Վահե Գրիգորյանին։
Հանրաքվեի անցկացման համար կառավարությունը պահուստային ֆոնդից 3 մլրդ 447 մլն դրամ է հատկացրել։