Գյումրիում ծեծի ենթարկված, այժմ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող 13-ամյա աղջնակի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք։
Բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանի տեղեկացմամբ՝ փոքրիկը դեպքից հետո ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, տեղում վիրահատվել է:
«Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։
Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք»,-տեղեկացնում է բուժկենտրոնի մամուլի պատասխանատուն։
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ նրա տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային:
Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝ բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ մարտի 5-ին, Գյումրիի իրենց բնակարանում իրավապահները հայտնաբերել են 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով, իսկ նրա 13-ամյա աղջիկը «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» տեղափոխվել է բուժկենտրոն։ Հանցագործություն կատարելու կասկածանքով Գյումրու ոստիկանները բերման են ենթարկել 28-ամյա տղամարդու։