«Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները ևս միացել են մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված սննդի ապահովման նոր համակարգին՝ շահառու քրեակատարողական հիմնարկների թիվը դարձնելով 4-ը։
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից:
Հիշեցնենք, բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերության՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից սննդի ապահովման գործընթացը կալանավայրերում սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերից, շահառուները «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներն են։
Նշվում է, որ մասնավոր ընկերության կողմից առաջարկվող ճաշացանկը տարբեր է, իսկ օրական պատրաստվող սննդակարգում ներառված են նախաճաշը, ճաշը և ընթիքը։ Օրվա համար նախատեսված սնունդը պատրաստվում է տեղում բարձր որակավորում ունեցող փորձառու խոհարարների կողմից։ Սնունդը անազատության մեջ գտնվողներին տրամադրվում է՝ համաձայն մեկ շաբաթվա համար նախօրոք կազմված ճաշացուցակի, որը ներկայացնում է մատակարարող ընկերությունը, և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից։ Ճաշացանկը փոխվում է յուրաքանչյուր շաբաթ՝ սննդի բազմազանությունն ապահովելու համար։
Քրակատարողական ծառայությունից վստահեցնում են՝ մինչև այս տարվա հունիս սննդի ապահովման նշյալ համակարգը ներդրված կլինի Հայաստանում գործող բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։