Նախարար Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկությունը հրապարակելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի - RadioVan.fm

Онлайн

Նախարար Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկությունը հրապարակելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

2020-03-02 19:19 , Право, 1600

Նախարար Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկությունը հրապարակելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների, մասնավորապես, դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելու համար մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պաշտոնյայի։ Այդ մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

Ծառայության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․

«Անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի` վերջինս առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, 2020 թվականի հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը: Հիշյալ աշխատակիցը ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և վերջինիս է փոխանցել Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և այլ հանգամանքների վերաբերյալ:

Այդ կերպ ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել Սուրեն Պապիկյանի իրավունքներին և օրինական շահերին:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է»:

Նշենք՝ փետրվարի 13-ին hraparak.am կայքում հրապարակվել էր «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերնագրով հոդված, որում նշվել էր, թե «նախարարն իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից, նրան ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է, նա անգամ դատապարտված է եղել»։

Պապիկյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով հրապարակմանը՝ պարզաբանել էր, որ ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ դատվածություն մարված է, այդ անձը դատված չի համարվում։ Նա ասել էր` ծառայել է ոչ հայկական բանակում, որտեղ էլ եղել է մի միջադեպ, որն իր այն ժամանակվա ընկալմամբ վնասել է ազգային ինքնասիրությունը։

«Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է, ես որևէ մեղք չեմ ընդունել։ Համաներմամբ ազատ եմ արձակվել, նաև դրանով համարվել է մարված իմ դատվածությունը։ Որևէ մեկի նկատմամբ ուժ չեմ գործադրել, որևէ մեկի նկատմամբ զենք չեմ կիրառել»,–ասել էր նա։

Лента

Рекомендуем посмотреть