«Այսօր աշխարհի առանձին երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 25-ի տվյալներով` ամբողջ աշխարհում արձանագրվել է 80239 դեպք, որից Չինաստանում` 77780, 2666-ը` մահվան ելքով: Չինաստանից դուրս 33 երկրում գրանցվել է 2459 դեպք, 34-ը մահվան ելքով:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 26-ի, ժամը 18:00 դրությամբ, նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78195: Հաստատված դեպքերից առողջացածների թիվը կազմել է 30073: Գրանցվել է 2718 մահ: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաև, որ աշխարհում գրանցվել է 81226 հաստատված դեպք»,-հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ գերատեսչության կողմից շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները:
Վստահեցվում է՝ բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով, երկիր է ներկրվել նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար թեստերի նոր խմբաքանակ:
«Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) բուժման ուղղությամբ այսօր որևէ կոնկրետ դեղ չի առաջարկվում, նախարարության մասնագետները ուսումնասիրվել են թե Չինաստանի, թե այլ երկրների կողմից առաջարկվող փորձը, ինչի արդյունքում մշակվում է նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պացիենտների վարման ընթացակարգ»,-շեշտում են նախարարությունից: