Դիմակահանդես, քայլերթ, երգ ու պար. Թեղենիք գյուղը տոնում է Բարեկենդանը - RadioVan.fm

Онлайн

Դիմակահանդես, քայլերթ, երգ ու պար. Թեղենիք գյուղը տոնում է Բարեկենդանը  

2020-02-22 14:38 , Общество, 2376

Դիմակահանդես, քայլերթ, երգ ու պար. Թեղենիք գյուղը տոնում է Բարեկենդանը

Խելահեղ ուրախությունների, կերուխումի, երգ ու պարի ժամանակաշրջանն արտացոլող Բարեկենդանի տոնակատարությունը Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մի հարկի տակ է համախմբել 100-ավոր քաղաքացիների։

Դիմակահանդես, քայլերթ, լարախաղաց, հացաթխում. ավանդաբար ընդունված կարգի համաձայն՝ 49-օրյա Մեծ պահքից առաջ հավաքվածները լիցքաթվում էին, վայելում ծիսական արարողակարգը։ Տոնի գլխավոր դերակատար Ուտիս տատին էլ՝ շերեփը ձեռքին, խաղ-կռիվների մեջ էր մասնակիցների հետ։

Տոնակատարությունների հրապարակին կից ներկայացված էին տաղավարներ, որոնցում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության ջանքերով իրենց ուտեստները, քաղցրեղենները և ձեռագործ աշխատանքներն էին ներկայացրել Հայաստանում ապաստանած մեր հայրենակիցները։

Բարեկենդանը՝ բարի կենդանությունը, սիրված, սպասված, ժողովրդական ամենաերջանկաբեր տոնն է, որը նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանում, իսկ Բուն Բարեկենդանը Մեծ պասին նախորդող կիրակին է: Բարեկենդանը խորհրդանշում է բնության զարթոնքը և գարնան, նոր կյանքի սկիզբը:

Տոնին դատարկվում էին մառանները, մաքրվում օրգանիզմները և գարնանից սկսած պատրաստվում էին ամբարելուն։ Ուտեստների հիմնական բաղադրիչը յուղեղենը, մսեղենն ու կաթնեղենն էր։Իսկ դիմակները՝ տոնի կարևոր խորհրդանիշներից էին․ հարսը սկեսուր էր դառնում, սկեսուրը՝ սկեսրայր․․․առհասարակ, այս կամ այն կերպարն ընտրվում էր տվյալ մարդու հանդեպ դժգոհությունն ու բողոքը արտահայտելու համար։ Իսկ այդ օրվա ընթացքում ասված ցանկացած վատ խոսք ներվում էր։

Բարեկենդանի տոնը Թեղենիքում իրականություն դարձավ «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի, «Կէան» մշակութային կենտրոնի և «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի համատեղ ջանքերով։

«․․․Գացեք, տեսեք՝ ով ա կերել յուղը,

Գացին տեսան մուկն ա կերել յուղը,

Մուկն ու յուղը, յուղն ու ժանգը,

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը, արջն ու գելը, գելն ու էծը, էծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ»:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть