Այսօր մեկնարկում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Վրաստան, ապա՝ Ադրբեջան: Եռօրյա այցի ընթացքում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպումներ կունենա երկրի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։Ուշադրության կենտրոնում են լինելու հարաբերությունները կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև քրիստոնյաների ու մահմեդականների միջև:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը այցի երկրորդ օրը պատարագ կմատուցի Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որը նախատեսված է ավելի քան 27 հազար մարդու համար, ապա կմեկնի Մցխեթայի Սվետիցխովելի մայր տաճար, որտեղ, ըստ ավանդության, թաղված են մասունքներ Քրիստոսի հագուստից:
«Պապի հիմնական ուղերձը կրկին խաղաղությունը կլինի», — ասել է Վատիկանի խոսնակը՝ մանրամասնելով. — «Քահանայապետը պատրաստվում է անդրադառնալ հատկապես Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների նկատմամբ շարունակվող հալածանքներին»:
Այցելության վերջին օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հռոմի պապը Թբիլիսիից կմեկնի Բաքու, որտեղ մոտ տասը ժամ կանցկացնի՝ հանդիպելով նախագահ Իլհամ Ալիևի, Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի, Ռուս ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի հետ:
Մահմեդական երկրում Ֆրանցիսկոս պապը նաև պատարագ կմատուցի Բաքվի տաճարում, ինչպես նաև հարգանքի տուրք կմատուցի երկրի անկախության համար զոհվածների հիշատակին:
Ավելի վաղ Հռոմի պապը հայտարարել էր, որ ընդունել է այդ երկրներ հրավերը վաղնջական քրիստոնեական արմատների պատճառով, որ առկա են այդ հողերում, ինչպես նաև խաղաղության ուղիների խթանման նպատակով։
Հիշեցնենք՝ տարածաշրջան Հռոմի պապի այցելությունների մեկնարկը տրվեց Հայաստանից: