Անկախ նրանից, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել՝ ՀՀ առողջապության նախարարությունը հետևում է բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Արսեն Թորոսյանը՝ հայտնելով, որ ուժեղացվել է Իրանից Հայաստան օդանավով ժամանող Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը:
Նախարար Թորոսյանը գրել է․
«Մենք հետևում ենք նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում մեր հարևան Իրանում: Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:
Տեղեկացնում եմ, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել: Կոչ եմ անում հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով»:
Նախարարը միաժամանակ խնդրում է սուր շնչառական բոլոր վարակները կանխարգելելու համար հետևել նախարարության խորհուրդներին՝ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով հաշվառման պոլիկլինիկա, խուսափել գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից, եթե մարդը հիվանդ է, մնա տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին չթույլատրել հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե մարդը հիվանդ է, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, եթե չեն նշանակվել բժշկի կողմից, հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային։
Հիշեցնենք՝ նախօրեին Իրանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ ՀՀ առողջապահական գերատեսչությունը հայնտնեց, որ «Մեղրի» անցակետում հսկողությունն էլ ավելի կուժեղացվի։
Կորոնավիրուսի վարակը, հիշեցնենք, սկսվել է Չինաստանից դեկտեմբերին։ Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ փետրվարի 20-ի ժամը 24-ի դրությամբ վարակվածների թիվը 75 հազար 465 է, որոնցից ծանր վիճակում են 11 հազար 633-ը, բուժվել և հիվանդանոցներից դուրս են գրվել 18 հազար 264-ը, վիրուսը խլել է 2 հազար 236 մարդու կյանք։