Պետությունը փոխում է մոտեցումը սպորտի նկատմամբ. այսուհետ Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատրի 5 մլն-ական դրամով:
Այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ` 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգևատրելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
««Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթն անցկացվել է անցյալ տարի, սակայն նախկինում Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման նպատակով բյուջետային խրախուսում նախատեսված չի եղել: Հարցը քննարկվել է վարչապետի հետ և որոշվել, որ այսուհետ լավագույն մարզիկները պետական պարգևատրում են ստանալու. «Օլիմպիական տարում սա շատ հստակ ուղերձ է պրոֆեսիոնալ սպորտի ոլորտին: Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզական արդյունքներին և խրախուսում մարզիկների ներդրած ջանքերը»,- տեղեկացրել է նախագիծը ներկայացնող նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ամեն տարի ՀՀ պետական բյուջեում կնախատեսվեն համապատասխան միջոցներ:
Այսպիսով՝ կառավարության որոշմամբ պարգևատրվելու են նախորդ տարվա լավագույն մարցիկներ ճանաչված հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, ծանրամարտիկներ՝ Ռուբեն Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և Հակոբ Մկրտչյանը, մարմնամարզիկ՝ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ՝ Հովհաննես Բաչկովը, սամբիստ՝ Տիգրան Կիրակոսյանը, ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը:
Տասնյակի մեծարման երեկոն և պարգևատրման արարողությունը նախատեսվում է անցկացնել 2020 թվականի փետրվարի 21–ին ՀՀ նախագահի նստավայրում:
Պրոֆեսոիանալ մարզիկներին խրախուսելու նպատակով պետությունը այլ քայլեր ևս նախաձեռնել է: Նախարար Հարությունյանի տեղեկացմամբ՝ օլիմպիական խաղերում առաջին տեղ զբաղեցնող յուրաքանչյուր մարզիկ կստանա 20 մլն դրամ, երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանվել է համապատասխանաբար 15 մլն և 10 մլն դրամ: Բացի այդ` բարձրացվել է նաև բարձր նվաճումներ ունեցող մարզիկներին ցմահ տրվող ամենամսյա պատվովճարների չափը: Մասնավորապես, օլիմպիական չեմպիոնների ամենամսյա պատվովճարը կկրկնապատկվի` դառնալով 200 հազար դրամ, երկրրոդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար` 140 հազար և 100 հազար դրամ, իսկ աշխարհի չեմպիոններն այսուհետ ամեն ամիս կստանան 100 հազար դրամ` նախկին 55 հազարի փոխարեն:
Նախարարությունից հավելում են՝ 2020 թվականը օլիմպիական տարի է և սկսած փետրվարի 23-ից մեր մարզիկները մասնակցելու են վարկանիշային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների: