Այսօր Արցախում տոնում են վերածնունդի օրը։
«1988-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն իրավական ուժ հաղորդեց մեր ժողովրդի բազմամյա նկրտումներին եւ ազդարարեց նրա նվիրական իղձերի ու նպատակների իրականացման մեկնարկը»,-օրվա առիթով հղած շնորհավորական ուղերձում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ ընդգծելով, որ նստաշրջանը, չնայած բռնատիրական Ադրբեջանի բիրտ ճնշումներին, տեղի ունեցավ՝ ժողովրդավարության սկզբունքներին ու նորմերին, օրենքի տառին ու ոգուն խիստ համահունչ:
«Եվ ընդունվեց որոշում, որի համար ժողովուրդը պայքարում էր տասնամյակներ շարունակ: Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը, մարդու իրավունքների ու ազատությունների, համամարդկային ու ազգային արժեքների պաշտպանությանը: Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայությունը՝ Ղարաբաղում, մայր Հայաստանում եւ սփյուռքում: Այդ օրը դարձավ մեր ժողովրդի սխրանքի, վճռականության ու ազատասիրության, մեր համազգային միասնականության խորհրդանիշը»,-ասված է Բակո Սահակյանի ուղերձում։