ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն (ՍԱՏՄ) այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման հետքերով Լոռու մարզային կենտրոնի մասնագետները փորձանմուշներ են վերցրել խոզերի կերերից: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր: Տեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ խոզերի անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էին վերցված նմուշներում:
Այս պահին արձանագրվել է Աքորի գյուղի երեք տնտեսություններում առկա խոզերի ողջ գլխաքանակի՝ 165 գլուխ, անկում:
ՍԱՏՄ-ից ընդգծում են, որ տեսուչները վերջին երկու շաբաթների ընթացքում ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահել Աքորի համայնքի այդ տնտեսությունները, մեկուսացրել դրանք, հետևել, որ պատշաճորեն կատարվեն անկած կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի հողածածկման, տվյալ տարածքի և անասնագոմի ախտահանության աշխատանքները՝ վարակի տարածումը կանխելու նպատակով:
Խոզի կերի փորձանմուշների արդյունքները ստանալուն պես ձեռնարկվել են վերահսկողական աշխատանքներ՝ հետագծելիությամբ դրա ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Արդյունքները կներկայացվեն: