«Անելու ենք ամեն բան, որպեսզի հանրությունը խուսափի «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերի միջև սուր առճակատումներից»․ Հանրաքվեի «Ոչ»-ի շտաբը ձևավորվեց - RadioVan.fm

Онлайн

«Անելու ենք ամեն բան, որպեսզի հանրությունը խուսափի «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերի միջև սուր առճակատումներից»․ Հանրաքվեի «Ոչ»-ի շտաբը ձևավորվեց

2020-02-18 14:59 , Политика, 1109

«Անելու ենք ամեն բան, որպեսզի հանրությունը խուսափի «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերի միջև սուր առճակատումներից»․ Հանրաքվեի «Ոչ»-ի շտաբը ձևավորվեց

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած 61 իրավաբաններ այսօր առավոտյան անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։

Ցուցակը գլխավորում է Արցախի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ցուցակի առաջին տասնյակը, որում ընդգրկված են Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթևոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը և Արսեն Մկրտչյանը։

Նախաձեռնության հիմնական նպատակներն են․

1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։

2) ՀՀ քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի։

«Մենք վստահ ենք, որ մեր նախաձեռնությունը միտված է ի շահ Հայաստանի Հանրապետության: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի հանրությունը խուսափի «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերի միջև սուր առճակատումներից: Մենք ջանքեր ենք գործադրելու, որ այս ընթացքում բացառվեն հանրությանը գույների բաժանելու և ատելություն քարոզելու արատավոր երևույթները: Մենք գիտակցում ենք, որ կարող ենք դառնալ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության քննադատության թիրախ, սակայն մեզ համար առավել կարևոր է պետության շահը, քան արհեստական և ժամանակավոր բնույթ կրող հնարավոր ամենասուր քննադատությունները»,-ասված է «ՈՉ»-ի նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունում:

ԿԸՀ–ում պաշտոնապես գրանցված «Այո»–ի քարոզչության կողմը ներկայացնում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորները, այդ թվում՝ Վահագն Հովակիմյանը, Մխիթար Հայրապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռուբեն Ռուբինյանը։

«Այո»-ի շտաբը գլխավորում է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Лента

Рекомендуем посмотреть