Թաներ Աքչամի Հայոց ցեղասպանության մասին գրքերի արաբերեն թարգմանությունները հասանելի են լայն լսարանի - RadioVan.fm

Онлайн

Թաներ Աքչամի Հայոց ցեղասպանության մասին գրքերի արաբերեն թարգմանությունները հասանելի են լայն լսարանի

2020-02-14 23:04 , Культура, Шоу бизнес, 1534

Թաներ Աքչամի Հայոց ցեղասպանության մասին գրքերի արաբերեն թարգմանությունները հասանելի են լայն լսարանի

Թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի Հայոց ցեղասպանության մասին «Ամոթալի արարք» և «Սպանության հրամաններ» գրքերը թարգմանվել, տպագրվել են արաբերեն և հասանելի են լայն լսարանի:

Հայկական արմատներով թարգմանիչ Կիվորկ Օհանիսը (Kivork Khatoon Ohanis), որը Սիրիայից է, սակայն ներկայում բնակվում է Բելգիայում, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ երկու աշխատությունն արաբերեն թարգմանելու ամենամեծ դրդապատճառը արաբ ընթերցողի համար ոչ այնքան լայնորեն լուսաբանված թեմայով գրականության ստեղծումն է: «Անհրաժեշտ էր արժևորել հեղինակի քաջությունը, հեղինակությունը, օբյեկտիվությունն ու անաչառությունը նման առանցքային թեմայով աշխատություններ ստեղծելիս»,-նշեց նա:

Աքչամի «Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանությունն ու թուրքական պատասխանատվության հարցը» գիրքը լույս է տեսել 2017թ. օգոստոսին, «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը»՝ 2019թ. սեպտեմբերին՝ Լիբանանում «Dar Al Farabi» անկախ հրատարակիչների միջազգային դաշինքի կողմից: Դրանք հասանելի են օնլայն՝ www.neelwafurat.com և www.Jamalon.com հարթակներում:

«1915 թվականի սկզբին, Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ, մի ամբողջ ժողովուրդ կանխամտածված սպանվեց: Ավելի քան մեկ միլիոն հայեր կորցրեցին իրենց կյանքը՝ կոտորածների, հարկադիր տեղահանման և սովի հետևանքով: Թեև շատ երկրներ և պատմաբաններ ընդունում են հայ ժողովրդին ոչնչացնելու դիտավորյալ ծրագիրը, սակայն թուրքական իշխանությունները դեռ ժխտում են, որ տեղի է ունեցել այս ամոթալի արարքը:

Այս աննախադեպ աշխատանքում թուրք պատմաբան Թաներ Աքչամը մանրակրկիտ և արմատական ուսումնասիրում է ժամանակին օսմանյան իշխանությունների կողմից իրականացված այս կանխամտածված գործողությունը՝ հիմնվելով հիմնականում օսմանյան աղբյուրների վրա ՝ ռազմական գրառումների, դատական նիստերի, խորհրդարանական արձանագրությունների, նամակագրության և զեկույցների: Աքչամն այս աշխատանքում ուսումնասիրում է ոչնչացման պլանը և դրա իրականացումը պետական գերատեսչությունների, բանակի և իշխող կուսակցության կողմից»,-նշում է թարգմանիչն «Ամոթալի արարք» գրքի ամփոփագրում:

«Սպանության հրամաններ» գրքում թարգմանիչը նշում է. «Այս աշխատությունում Աքչամը, որին Նյու Յորքում անվանել են «Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոլմս», ներկայացնում է Նաիմ էֆենդու հուշերում տեղ գտած հեռագրերը մինչև ամենափոքր մանրամասնությունը և դրանք համեմատում է օսմանյան արխիվներից ստացված հազարավոր փաստաթղթերի հետ (կոդավորման մեթոդներ, Հալեպի նահանգապետի ստորագրություններ, հեռագրերի ամսաթվեր, նշված անձինք և իրադարձություններ)»: 2016 թվականին թուրքերեն հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» աշխատանքում ներառված Թալեաթ փաշայի հեռագրերում բացեիբաց երևում են հայերին կոտորելու հրամանները: Գրքի անգլերեն տարբերակը լույս է տեսել 2018-ի փետրվարին, 2019-ի ապրիլին հրատարակվել է նաև հայերեն: «Սպանության հրամաններ» գիրքը թարգմանվել և լույս է ընծայվել նաև ֆրանսերեն:

Лента

Рекомендуем посмотреть