Ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ անակնկալ է պատրաստել բոլոր սիրահարների համար: «La Notte» իտալերեն թեմատիկ երգը գրվել է հատուկ արտերկրում «Ոսկե ձայն» տիտղոսին արժանացած երգչի համար և արդեն մի քանի օր է՝ հեռարձակվում է Ֆրանսիայի իտալական ռադիոյով: Երգի Խոսքերի հեղինակն է Անտոնելլա Մազզա, երաժշտությանը՝ Բեռնար Միկաելյանը:
«Անչափ զգացված եմ, որ սիրո տոնի կապակցությամբ ինձ համար այսպիսի գեղեցիկ երգ գրվեց ու սիրվեց իտալացի հանդիսատեսի կողմից: Հուսով եմ՝այն ջերմ ընդունելություն կգտնի նաև հայ հանդիսատեսի կողմից», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է հռչակավոր տենորը:
Ռուբեն Էլբակյանը վերջերս հայ հանդիսատեսին զմայլել էր Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Չինար ես» տեսահոլովակով, որը նկարահանվել էր Հայաստանում:
Ներկայումս նա աշխատում է երեք կոմպոզիտորների կողմից հատուկ իր համար գրված երգերի նոր ձայնասկավառակի վրա, մեկտեղ՝ «Ավե Մարիա» խորագիրը կրող մենահամերգով շրջագայում է աշխարհում: Այս մենահամերգի անկրկնելի ու փառահեղ բացումը տեղի է ունեցել խորհրդանշական Փարիզի հայտնի Մադլեն եկեղեցում՝ արժանանալով հոտնկայս ծափահարությունների:
Ռուբեն Էլբակյանի հայաստանյան վերջին բարեգործական մենահամերգը տեղի է ունեցել 2007 թվականին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի լեփ-լեցուն դահլիճում: Համերգի հասույթը տրամադրվել է Վլադիմիր Սպիվակովի ֆոնդին: