ԱԱԾ տեսանյութի ձևակերպումներն անհիմն են․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտխորհուրդը՝ դասախոսի կողմից կաշառք ստանալու առնչությամբ - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ տեսանյութի ձևակերպումներն անհիմն են․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտխորհուրդը՝ դասախոսի կողմից կաշառք ստանալու առնչությամբ

2020-02-14 17:37 , Право, 1815

ԱԱԾ տեսանյութի ձևակերպումներն անհիմն են․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտխորհուրդը՝ դասախոսի կողմից կաշառք ստանալու առնչությամբ

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնում ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ այսօր տարածած հաղորդագրության առնչությամբ։

Նշենք՝ ԱԱԾ-ն հայտնել է, որ բացահայտվել է ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդն, ահա, տարածած հաղորդագրությունում նշում է․

«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է

հայտնում այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության

ծառայության կողմից հրապարակված տեսանյութում տեղ գտած տեղեկատվության մեջ

անորոշ, առերևույթ անհիմն ձևակերպումների վերաբերյալ։

Հարկ ենք համարում նշել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մշտապես

դատապարտել և հետևողական պայքար է մղել բոլոր տեսակի կոռուպցիոն

երևույթների և դրսևորումների դեմ։

Մեր խորին համոզմամբ, ԱԱԾ պաշտոնական տեղեկատվության մեջ առկա է շահարկման

ենթատեքստ, որն ուղղակի և անթույլատրելի վնաս է հասցնում ԵՊՀ

իրավագիտության ֆակուլտետի բարձր հեղինակությանը՝ ստվերելով ֆակուլտետի

վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի և ուսանողության բարի համբավը։

Հորդորում ենք ՀՀ իրավապահ մարմիններին առերևույթ հանցակազմ պարունակող

տեղեկատվություն տարածելիս ցուցաբերել առավելագույն իրավական կոռեկտություն

և որոշակիություն՝ անմեղության կանխավարկածը երաշխավորելու և անհարկի

շահարկումներից խուսափելու նպատակով»:

Մայր ԲՈւՀ-ի լրատվական ծառայությունն էլ իր հերթին անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը՝ պաշտոնապես հայտարարել է, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։

Рекомендуем посмотреть