ՀՀ Ազգային ժողովն այսօր, ձայների 76 կողմ, 16 դեմ և 7 ձեռնպահ հարաբերակցությամբ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «հակածխախոտային» անվանումը ստացած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
«Իմ քայլը» խմբակցությունը՝ ի դեմ պատգամավոր Բաբկեն Թունյանի, հայտնել է, որ, քանի որ դիրքորոշումները խմբակցությունում, հիմնականում, տարբեր են, իրենք ազատ են քվեարկելու, սակայն և՛ «Իմ քայլը», և՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, հիմնականում, կողմ են քվեարկել նախագծին, «Լուսավոր Հայաստանը»՝ դեմ։
Նշենք՝ ընդունված օրենսդրական փաթեթով, որը առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019-ի դեկտեմբերի 10-ին, սահմանափակումներ են մտցվում ծխախոտի գովազդի և վաճառքի, ծխելն արգելվում է հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ անկախ այդ օբյեկտների փակ կամ բաց լինելուց, ի հակառակ առաջին ընթերցման ժամանակ ներկայացված ծխախոտի օգտագործումը հանրային փակ և կիսափակ տարածքներում արգելելու դրույթին:
«Սա քաղաքակրթական և քաղաքական ընտրության հարց է: Ինքս և շատ-շատերը պատկերացնում ենք չծխող Հայաստան և պատրաստ ենք բոլոր քայլերն անել, որ մի օր հասնենք այդ կետին: Այդուհանդերձ, այս օրենքի 90-95 տոկոս դրույթների հետ բոլորը համաձայն են, մյուս կարգավորումները՝ 5-7 տոկոս, այո, խնդրահարույց են և հավելյալ քննարկման կարիք ունեն, և այդ մասով եղել են պայմանավորվածություններ: Ես ցոիյց եմ տալու իմ քաղաքակրթական դիրքորոշումը և կողմ եմ քվեարկելու նախագծին և անմիջապես սատարելու եմ պատգամավորների՝ այս վիճահարույց կարգավորումների շուրջ աշխատանքային խումբ ձևավորելու ջանքերին»,-քվերակությունից առաջ ասել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
Ազգային ժողովի՝ բուռն քննարկումներով նիստի մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք՝ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը օրինագիծը հեղինակած ՀՀ առողջապահության նախարարությունը հիմնավորում է նրանով, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը Հայաստանի Հանրապետությունումհանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է, բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում մահացության բուրգում ԱՇՀՀ-երը զբաղեցնում են առաջին տեղը` 48%, որոնց հաջորդում են ՉՆ-երը` 20.6%, ՇԴ-ը` 4.8%, վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառները` 4.7%, ԹՔՕՀ-երը (բրոնխիտ, ասթմա, քրոնիկական այլ թոքային և բրոնխոէկտատիկ հիվանդություններ)` 3.6%:
Օրեր առաջ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, թե «մոտակա օրերը պատմական են լինելու մեր երկրի առողջապահության և մեր ժողովրդի առողջության համար․ մենք պետք է ընտրություն կատարենք 10-15 տարի հետո ավելի առողջ և տնտեսապես ուժեղ երկիր ունենալու և այսրոպեական, թվացյալ ու կեղծ օգուտի միջև»: