Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն եռօրյա աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ Փաշինյանի այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի համար հետաքրքիր է որպես կայացած խորհրդարանական պետություն, քանի որ 2018 թվականից Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից ևս անցում է կատարել խորհրդարանական համակարգի։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ գերմանական փորձի փոխանակումը` համակարգը մեր երկրում ավելի ֆունկցիոնալ դարձնելու նպատակով:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ գործադիրի ղեկավարը միաժամանակ անդրադարձել է Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին և դրա հանգամանքներին՝ Բունդեսթագի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրելով հետևելու ինչպես հանրաքվեի ընթացքին, այնպես էլ հետագայում Սահմանադրական դատարանի համալրման գործընթացին:
Վոլֆգանգ Շոյբլեն գերմանական կողմի աջակցությունն է հայտնել ՀՀ-ում երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ժողովրդավարական գործընթացին` ընդգծելով, որ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այցով գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ):
Այցի ընթացքում վարչապետը Բեռլինում նաև հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:Կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ: Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ: