ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանրային անվտանգության ապահովման նպատակով «քրեական ենթամշակույթի» դեմ հետևողական պայքարը շարունակվում է։
Տեղեկացվում է, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հերթական հատուկ միջոցառումն են իրականացրել Արմավիրի մարզում։
«Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք։
Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ»,-հայտնում են ոստիկանությունից՝ ընդգծելով, որ «քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության»։