Ադրբեջանը ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

2020-02-13 17:22 , Политика, 891

Ադրբեջանը ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

«Այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները»,-այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցին։

ԱԳՆ հրապարակաումն ամբողջությամբ՝ ստորև․

«Հարց. Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և արդեն հայտնի են միջազգային գնահատականները։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է նաև, որ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաև ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, որոնց արդյունքում ընտրված խորհրդարանականները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Բազմիցս ենք նշել, որ տարածաշրջանում ժողովրդավար հասարակությունների ձևավորումը և ամրապնդումը բխում են տարածաշրջանային կայունության, զարգացման և բարգավաճման շահերից:

Մենք ծանոթ ենք ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում և դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում, ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով:

Այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։

Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլԱդրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում:

Կուզենայինք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն իր ընտրության իրավունքը կիրականացնի իր հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում, որի ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու է իր ներկայացուցիչներին՝ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին»:

Հիշեցնենք՝ Ադրբեջանում փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որին մասնակցել են 19 կուսակցություններ, ընտրողների 47,81%–ի քվեներով 125 հնարավոր մանդատներից 71-ը ստացել է իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Մնացած մանդատները բաժին են հասել Ալիևի վարչակարգի համար ընդունելի առավել փոքր կուսակցություններին կամ անկախ թեկնածուներին։

Միջազգային դիտորդները, մինչդեռ, ձայների հաշվարկման ժամանակ արձանագրել են ընթացակարգային էական խախտումներ՝ բարձրաձայնելով ընտրության թափանցիկության և արդարության բացակայության հարցը։

Лента

Рекомендуем посмотреть