Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետ, նախարարներ, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Աշոտ Մանուկյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների, Իգնատի Առաքելյանը՝ գյուղատնտեսության, Վահան Մարտիրոսյանը՝ տրանսպորտի և կապի, Վարդան Արամյանը՝ ֆինանսների նախարար: Հիշեցնենք՝ նախորդ կառավարության կազմում այդ պաշտոնները, համապատասխանաբար, զբաղեցնում էին Լեւոն Յոլյանը, Սերգո Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը:
Նախագահի այլ հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, Դավիթ Հարությունյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Այդ պաշտոնները, նշենք, վերջիններս զբաղեցնում էին նաեւ նախորդ կառավարության կազմում:
Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Վարդան Արամյանը ազատվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, որում նշանակվել է Ալեքսան Հարությունյանը, որը, իր հերթին, ազատվել է Արգենտինայում, Ուրուգվայում, Պերուում և Չիլիում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հավելենք, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում առայժմ փոփոխված են միայն նախարարների անունները, նրանց կենսագրական տվյալները դեռ ներկայացված չեն: