«Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից նվեր են ստացել 1 միլիոն դոլար արժողությամբ բնակարաններ: Ինչպես գրում է «Հայկական ժամանակը»՝ օլիմպիական չեմպիոն 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ստացել է 300 մ2 մակերեսով բնակարան Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկ շենքում, նույն պարգևին է արժանացել նաև արծաթե մեդալ ստացած 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը:
Ռիոյի հայ մեդալակիրների պարգևատրության արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝մեդալակիրներին հանձնելով պետական բարձր պարգեւներ
«Շատ ուրախ ենք, որ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաև Արթուր Ալեքսանյանի մրցակիցները տեսան իրենց գերազանցող մարզիկին, ոչ միայն մրցակիցները, այլ նաև մրցավարները և բոլոր երկրպագուները: Շատ շնորհակալ ենք, Արթու՛ր: Մենք Ռիո դե Ժանեյրոյում ականատես եղանք մեդալների, բայց մենք տեսանք նաև մեծ ներուժ, իսկ դա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ: Եվ շատ կարևոր է, որ մեր ավանդական մարզաձևերից, նկատի ունեմ՝ ըմբշամարտը, ծանրամարտը, այս մարզաձևերից զատ, մենք տեսանք այլ մարզաձևերում ևս շատ մեծ արդյունքների հասնելու հնարավորություններ, օրինակ, մարմնամարզության ոլորտում: Սա չափազանց կարևոր է»:
Սերժ Սարգսյանը խոսել է նաև կողմնակալ մրցավարության մասին.
«Մեդալներից բացի, մենք տեսանք նաև ցավալի դիպվածներ, իհարկե, նաև անարդարություն: Բայց, ինչպես գիտեք, ընդհանրապես աշխարհը և մասնավորապես, մարզաշխարհը զերծ չէ անարդարությունից: Անարդարության դեմ պայքարելու միակ ձևը քրտնաջան աշխատանքն է, հաստատակամությունն է և համոզմունքը, որ հետագա մրցություններում հասնելու ենք հաջողության: Եվ ես վստահ եմ, որ ոչ միայն գալիք առաջնություններում՝ Եվրոպայի և աշխարհի, Միհրանը կարողանալու է հաջողության հասնել: Վստահ եմ, որ Տոկիոյում Միհրանը դառնալու է չեմպիոն, միայն թե պետք է շարունակել և ցույց տալ բոլորին, որ դու ունես կամային բարձր որակներ»,-ընդգծել է հանրապետության ղեկավարը: