Հայաստանի Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում․ փետրվարի 8-ին կեսօրից հետո ներխուժելու է ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատ։
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Եթե այսօր և վաղը մինչև կեսօր ձյուն է տեղալու միայն լեռնային մարզերում, ապա արդեն փետրվարի 8-ին երեկոյան ժամերին մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 8-ի երեկոյան, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, հանրապետության բոլոր ճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօր կլիմայական նորմայից բարձր է 10-15 աստիճանով, սակայն փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը: