Տեղային հայրենասիրության տրամաբանությունից պետք է դուրս գանք. Փաշինյանը՝ համայնքների խոշորացմանն ընդդիմացողներին - RadioVan.fm

Онлайн

Տեղային հայրենասիրության տրամաբանությունից պետք է դուրս գանք. Փաշինյանը՝ համայնքների խոշորացմանն ընդդիմացողներին

2020-02-06 17:23 , Политика, 1147

Տեղային հայրենասիրության տրամաբանությունից պետք է դուրս գանք. Փաշինյանը՝ համայնքների խոշորացմանն ընդդիմացողներին

«Համայնքների խոշորացման գործընթացը կանգնել էր ոչ միայն ուսումնասիրությունների, այլև այն պատճառով, որ մենք հստակ հայտարարել էինք՝ առանց համայնքի բնակիչների համաձայնության, խոշորացումը տեղի չի ունենալու»,-այսօր կառավարության նիստում համապատասխան օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ քանի որ հանրաքվե անցկացնելը որոշակի բեռ է համայնքային բյուջեի վրա, հարց է առաջացել, իսկ ինչո՞ւ են պարտադրում հանրաքվե, եթե կարող է լինել դեպք, երբ առարկություն չկա խոշորացման վերաբերյալ: Այդ իսկ պատճառով կառավարությունն առաջարկել է միավորվող համայնքների փունջը հայտարարելիս, այս կամ այն համայնքում առարկություն լինելու պարագայում, տվյալ համայնքում միայն նախաձեռնել հանրաքվե։

«Այն դեպքերում, երբ համայնքը դեմ է խոշորացմանը, թող նախաձեռնեն հանրաքվե, օրենքով սահմանված կարգով դե յուրե արձանագրեն բնակչության մեծամասնության դեմ լինելը, ընտրողների մեծամասնության դեմ լինելը, և համայնքի խոշորացումը տեղի չի ունենա: Սա է մեր մոտեցումը, ինչը, կարծում եմ, արդար է, համապատասխանում է մեր ստանձնած պարտավորություններին, համապատասխանում է համայնքների և Հայաստանի Հանրապետության շահերին: Բայց մեր կոչն այն է, որ այդ տեղային հայրենասիրության տրամաբանությունից դուրս գանք, որովհետև ժամանակակից չափանիշներով, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում այսօր միջինից մի քիչ մեծ քաղաքի թվով բնակչություն է ապրում: Եվ եթե մենք այսպես մարզ-մարզ, գյուղ-գյուղ առանձին ինքնություն ձևակերպելու պրոցես սկսենք, մեզ ոչ մի լավ բան ապագայում չի սպասվում»-ասել է վարչապետը:

Նշենք՝ գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունման արդյունքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան: «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Տավուշի մարզի Իջևան համայնքային փնջերում: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում՝ նախատեսվում է այդ համայնքներում 2020 թ. հունիսի 14-ին անցկացնել համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ:

Հիմնավորման համաձայն՝ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 52 ծրագիր, ինչի արդյունքում 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 52 համայնք: Օրինագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը. ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո՝ Լերմոնտովո, Անտառաշեն (թվով 2), ՀՀ Տավուշի մարզի Իջևան՝ Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն (թվով 19): Առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 21 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 2 համայնք: Տավուշի մարզում համայնքների միավորման գործընթացը կավարտվի:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացմամբ՝ երբ համայնքը չի ցանկանում միավորվել՝ հետևյալ գործընթացն է տեղի ունենում․ «Ձևավորվում է նախաձեռնող խումբ, որն իրականացնում է ստորագրահավաք: Համայնքի ընտրողների 20 տոկոսի ստորագրությունն ունենալու պարագայում դիմում է համայնքապետարան: Համայնքապետարանը, եթե ի վիճակի է ֆինանսապես իրականացելու հանրաքվե, ապա դիմում է համապատասխան մարմիններին և անցկացվում է հանրաքվե: Եթե հանրաքվեի արդյունքում ընտրողների 50 տոկոսից ավելին կողմ է արտահայտվում առաջադրված հարցմանը, ապա այդ պարագայում մեզ համար ակնհայտ է դառնում տվյալ համայնքի դիրքորոշումը»: Նախարարն ընդգծելով, որ սա է իրենց քաղաքական հայտարարություններից բխող քաղաքացիներին ընձեռած հնարավորությունը, կոչ է արել հանրությանն այդ գործընթացում չառաջնորդվել նեղ, անձնական, ազգակցական, կլանային շահերով, այլ առաջնորդվել համայնքի և պետության շահերով։

Лента

Рекомендуем посмотреть