Քաղշինի նախագահը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար - RadioVan.fm

Онлайн

Քաղշինի նախագահը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար

2020-02-06 16:21 , Право, 1238

Քաղշինի նախագահը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) տեղեկացմամբ՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ նա շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2.5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

«Կաշառք ստանալը քողարկելու նպատակով, խախտելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով սահմանված արգելքը, նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊ ընկերություն և նյութական առավելություն ստանալու նպատակով՝ ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել նշված ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, նրանցից երեքը՝ այդ թվում հիշյալ կոմիտեի նախագահը, ձերբակալվել են, ընդ որում կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը: Նախաքննությունը շարունակվում է»,-մանրամասնում են ԱԱԾ-ից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Лента

Рекомендуем посмотреть