2019 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2018-ի համեմատ աճել է 1.3 անգամ:
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2019 թվականին հանրապետությունում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 272 դեպք՝ 602 տուժածով, որից 75-ը Երևանում՝ 129 տուժածով, 197-ը մարզերում՝ 473 տուժածով, մինչդեռ 2018 թվականի նույն ժամանակահատվածում թունավորման 208 դեպք է արձանագրվել՝ 445 տուժածով, որից 80-ը Երևանում՝ 130 տուժածով, 128-ը մարզերում՝ 315 տուժածով:
Վերլուծելով 2019 թվականին արձանագրված շմոլ գազով թունավորումների դեպքերն ըստ պատճառների, կարելի է փաստել, որ դրանց գերակշիռ մասն արձանագրվել է գազի ջրատաքացուցչի, գազի կաթսայի անսարքության, վատ օդափոխության, գազի վառարանի անսարքության, ազդանշանային սարքի անջատված լինելու պատճառով, նաև բնակչի անփութության հետևանքով:
Շմոլ գազի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`
-գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդի և օդափոխել տարածքը,
-եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,
ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը` օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում,
-բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
-գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,
-խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս` անպայման համոզվել արդյոք օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ,
-գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը
եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում՝ անպայման դիմել բժշկի։