Երևանի Իսակովի պողոտայում այսօր 99 համարի երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ի «Հոնդա»-ին բախման հետևանքով «Գազել»-ի հինգ ուղևորին և վարորդին տեղափոխել են հիվանդանոց:
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ վիրավորներից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ:
Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով:
Վստահեցվում է՝ բոլոր տուժածները ստանում են ահրաժեշտ առաջին բուժօգնություն:
Նշենք՝ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` «Գազել»-ի վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։
Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ՝ վթարի ենթարկված վարորդը առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել:
«Ըստ գործող կարգի, վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել:
Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: Այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 1 տարի ժամկետով:
Եթե ՃՏՊ-ից տուժած անձանցից որևէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է նաև քրեական հետապնդումը»,-գրել է Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում: