Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Չինաստանից Հայաստանի Հանրապետության ևս մեկ քաղաքացի է տարհանվել։
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ նախօրեին Ռուսաստանի գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան:
«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար:
Տեղեկացնում ենք նաև, որ տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից»,-ասված է արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած առաջին ՀՀ քաղաքացին՝ Սուսաննա Աղաջանյանը, հայրենիք վերադառնալու նպատակով տարհանվել և տեղափոխվել էր Ղազախստան փետրվարի 2-ին։
Նշենք՝ Չինաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի վարակի 24 հազար 324 դեպք է հաշվարկվում: Մահացածների թիվը շարունակում է աճել՝ նախօրեին արձանագրված 425-ից հասնելով 490-ի:Մահվան 65 նոր դեպքերը գրանցվել են վարակի օջախը համարվող Չինաստանի Հուբեյ նահանգում, որտեղ բնակիչները, որոնք 50 մլն են հաշվարկվում, կարանտինի մեջ են։
Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի կապակցությամբ միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։