«Եղե՛ք զգոն»․ Երևանում 2020-ի հունվարին բացահայտվել է տրանսպորտում ու կանգառներում կատարված գրպանահատության 29 դեպք - RadioVan.fm

Онлайн

«Եղե՛ք զգոն»․ Երևանում 2020-ի հունվարին բացահայտվել է տրանսպորտում ու կանգառներում կատարված գրպանահատության 29 դեպք

2020-02-05 15:04 , Право, 1343

«Եղե՛ք զգոն»․ Երևանում 2020-ի հունվարին բացահայտվել է տրանսպորտում ու կանգառներում կատարված գրպանահատության 29 դեպք

Երևանում 2020-ի հունվարին բացահայտվել է գրպանահատության 29 դեպք, դրանք հիմնականում կատարվել են տրանսպորտում ու կանգառներում։

Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ միաժամանակ ներկայացնելով այդ ուղղությամբ 2019-ի տարեվերջին կատարված օրենսդրական փոփոխությունները։

Ըստ այդմ՝

Հոդված 177, մաս 1-ին կետ 1` Անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես և գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կրած հագուստից, այդ թվում՝ գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

«Օրենսդրական փոփոխությունն ու ոստիկանության ծառայությունն այս հանցատեսակի դեմ իրենց կարևոր տեղն ունեն, սակայն ոչ պակաս կարևոր է քաղաքացիների զգուշավորությունը։

Հարգելի՛ քաղաքացիներ, հասարակական տրանսպորտում ուշադիր եղեք ձեր իրերի նկատմամբ, դրանք պահեք ձեր տեսադաշտում։

Շատ դեպքեր են եղել, երբ գրպանահատը, հափշտակելով դրամապանակը, բացի փողից գտնում է նաև բանկային քարտ՝ ծածկագրով հանդերձ։ Եթե քաղաքացիները չեն հասցնում արգելափակել իրենց քարտը, հանցագործները կանխիկացնում են քարտի գումարը։

Ոչ մի դեպքում մի պահեք բանկային քարտն ու ծածկագիրը միասին։

Փորձը ցույց է տվել նաև, որ գրպանահատները գործում են և՛ մենակ, և՛ խմբով։ Հիմնականում` խմբի մի մասը երթուղային տրանսպորտում շեղում է ուղևորների ուշադրությունը, իսկ մյուս մասը հափշտակում է իրեր։ Դեպքեր են եղել, երբ շեղել են արհեստական վեճն ու կռիվ ստեղծելով, անգամ ինչ-որ իր են գցել գետնին։

Ինչ էլ լինի` ձեր իրերը պահեք ձեզ մոտ և մարդաշատ վայրերում եղեք գերուշադիր։

Եղե՛ք զգոն և զերծ կմնաք գրպանահատի ոտնձգությունից»,-քաղաքացիներին տեղեկացնում ու հորդորում են ՀՀ ոստիկանությունից։

Лента

Рекомендуем посмотреть