Հայ Յեղափոխական Դաշնակցություն(ՀՅԴ) կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Արման Բաբաջանյանի: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված հիմքերով հայցադիմումը վարույթ է ընդունվել, գործը կքննվի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
Հայցադիմումի համար փաստական հիմք է հանդիսացել Արման Բաբաջանյանի՝ 2019-ի դեկտեմբերի 6-ին Աժ-ի ամբիոնից ունեցած ելույթը ու դրանում տեղ գտած արտահայտությունները։
Պատգամավորը, մասնավորապես ՀՅԴ–ին անվանել էր, «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»։
«Այսպիսի արտահայտություններ անում է Ազգային ժողովի պատգամավորը, որը օրենքով պարտավոր է, նախևառաջ, իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Երկրորդ՝ մի մարդ, որը հանդիսանում է լրատվամիջոցի հիմնադիր։ Երրորդ՝հնչեցվում են այդպիսի արտահայտություններ քաղաքական ամենաբարձր՝ Ազգային ժողովի ամբիոնից»,-այսօր փեմայի շուրջ հրավիրված մամլո ասուլիսում նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ սկզբունքային համարելով դատական ճանապարհով վիրավորանքի և զրպարտության փաստի արձանագրումը՝ պաշտպանության մեխանիզմների հիմքերի ստեղծման տեսանկյունից։
«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի փաստի արձանագրումը, այնպիսի նախադեպեր ստեղծելը մեր երկրում, որպեսզի հաճախ, երբ փորձ է արվում ներկայացնել, թե ինչու, այնուամենայնիվ, իրավական պետության մեջ դատական կարգով պաշտպանության մեխանիզմներ չեն գործում մեր երկրում, նպաստենք նաև, որ ստեղծվեն այդպիսի հիմքերը: Մենք ակնկալում ենք և ուրախ կլինենք Արման Բաբաջանյանին տեսնելու դատարանում՝ իր պնդումները հիմնավորող ապացույցներ ներկայացնելու»,-նշել է Արծվիկ Մինասյանը։
Չնայած հանգամանքին, որ Քաղաքացիական օրենսգրքի զրպարտության և վիրավորանքի հոդվածով 1 միլիոն և 2 միլիոն դրամի փոխհատուցում է սահմանված՝ Դաշնակցությունը պատգամավորից խորհրդանշական փոխհատուցում է պահանջում․ այսպես՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն և 1 դրամ փոխհատուցում,և, ևս 1 դրամ փոխհատուցում էլ՝ զրպարտության համար։