«Մենք ձեզ կկարոտենք»․ եվրոպացի խորհրդարանականները հաստատել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը - RadioVan.fm

Онлайн

«Մենք ձեզ կկարոտենք»․ եվրոպացի խորհրդարանականները հաստատել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը

2020-01-30 16:04 , Мир, 1145

«Մենք ձեզ կկարոտենք»․ եվրոպացի խորհրդարանականները հաստատել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները 621 կողմ, 49 դեմ ձայներով հաստատել են Եվրամիությունից դուրս գալու մասին՝ դեռ հոկտեմբերին Լոնդոնի և Բրյուսելի միջև կնքված գործարքը Բրեքսիթի պայմանների շուրջ: Այն վերջնական հաստատում պետք է ստանա նաև Եվրոպական միության խորհրդի կողմից, ամենայն հավանականությամբ, այսօր։

«Միայն մեկ բան կարող եմ ասել՝ մենք ձեզ կկարոտենք»,-քվեարկության օրը իր խոսքում նշել է Եվրոպական խորհրդարանի՝ Բրեքսիթի հարցով համակարգող Գի Վերհոֆշդատը:

Պատգամավորները միմյանց ձեռքերը բռնելով՝ երգել են, բացականչություններով թափահարել Մեծ Բրիտանիայի դրոշները։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ Մեծ Բրիտանիային հրաժեշտ է տվել բրիտանացի հայտնի պոետ Ջորջ Էլիոթի խոսքերով:

«Միայն բաժանման տառապանքի մեջ ենք տեսնում սիրո խորությունը: Մենք միշտ կսիրենք ձեզ և երբեք հեռու չենք լինի: Կեցցե՛ Եվրոպան»,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք՝ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը հունվարի 24-ին ստորագրեց Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու՝ «Բրեքզիթ»-ի մասին օրենքը, որը պետք է վավերացվեր Եվրախորհրդարանի կողմից:

Հունվարի 31-ին Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից, բայց կմնա միասնական մաքսային տարածքում։ Առաջիկա 11 ամիսների ընթացքում կողմերը պետք է բանակցեն առևտրատնտեսական հետագա հարաբերությունները համաձայնեցնելու շուրջ:

Կողմերի հիմնական խնդիրն է կնքել այնպիսի առևտրային համաձայնագիր, որը հնարավորություն կտա Մեծ Բրիտանիային շարունակել առևտուրը ԵՄ-ի հետ՝ առանց մաքսատուրքերի և խոչընդոտների:

Նախկին կանոնները կարող են կիրառվել միայն Հյուսիսային Իռլանդիայի համար։

Лента

Рекомендуем посмотреть