«2020 թվականի հունվարի 30-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նիստ՝ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի, 8-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի, 17-րդ հոդվածի 2-րդ մասի, 19.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 15-րդ հոդվածի, 16-րդ հոդվածի, 19-րդ հոդվածի 2, 3 և 4-րդ մասերի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, Հավելվածի 6-րդ բաժնի 4-րդ կետի 2-րդ պարբերության և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությամբ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ միաժամանակ նշելով, որ նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։
Նկատենք՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, պաշտոնը ստանձնելուց ի վեր, այն է՝ 2019-ի հունիսի 20-ից, որևէ նիստի չի մասնակցել, ինչին, ի դեպ, տեղյակ չէ գործադիր մարմնի ղեկավարը։
Հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, ի խատասխան լրագրողի հարցին, թե ինչու խորհրդարանական մեծամասնությունը հանդես չի գալիս առաջարկով՝ դադարեցնել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները՝ հաշվի առնելով, որ վերջինս չի մասնակցում ՍԴ աշխատանքներին, վարչապետն ասել էր, որ տեղյակ չէ Գրիգորյանի՝ ՍԴ աշխատանքներին չմասնակցելուն։
«Եթե այդպիսի երևույթ կա, դա մտահոգում է, չի կարող չմտահոգե,-ասել է Նիկոլ Փաշինյանը, իսկ հարցին, թե տեղեկանալուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ նշել,-չգիտեմ, առաջին անգամ եմ լսում այդպիսի բան, կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:
Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրմամբ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ընտրված Վահե Գրիգորյանը Ազգային ժողովում պաշտոնը ստանձնելիս հայտարարել էր, որ դատարան է գնում «ՍԴ նախագահի լիազորություններով»։