«Սահմանամերձ գոտում փակելով ծննդաբերական բաժանմունքը՝ նշանակում է դատարկել համայնքը»․ Աչաջրի ծննդատան վերազինման նպատակով դրամահավաք է սկսվել - RadioVan.fm

Онлайн

«Սահմանամերձ գոտում փակելով ծննդաբերական բաժանմունքը՝ նշանակում է դատարկել համայնքը»․ Աչաջրի ծննդատան վերազինման նպատակով դրամահավաք է սկսվել

2020-01-27 18:36 , Общество, 1477

«Սահմանամերձ գոտում փակելով ծննդաբերական բաժանմունքը՝ նշանակում է դատարկել համայնքը»․ Աչաջրի ծննդատան վերազինման նպատակով դրամահավաք է սկսվել

Սահմանամերձ Աչաջուր գյուղի փակվող ծննդաբերական բաժանմունքի վերազինման նպատակով «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Ներսիսյանի նախաձեռնությամբ դրամահավաք է սկսվել։

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության շուրջ 7 ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորումը մերժելու որոշում է կայացրել՝ հիմնավորմամբ, որ ըստ ծննդօգնության հիմնարկների դասակարգման՝ ծննդատներում ծնունդների թիվը տարեկան պետք է հասնի 150-ի և 150-ից պակաս լինելու դեպքում դրանք պետք է լուծարվեն, և Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի, Նաիրիի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների պետպատվերի մերժումը այդ տրամաբանության շրջանակում է։

«Աչաջուր համայնքը 5500 բնակիչ է սպասարկում, 5500 բնակչի համար 78, 80, 90 ծնունդը բավականին լուրջ ցուցանիշ է։ Սահմանամերձ գոտում փակելով ծննդաբերական բաժանմունքը՝ նշանակում է դատարկել համայնքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Նունե Ներսիսյանը՝ ընդգծելով, որ գյուղը ընդամենը 6 կմ հեռավորության վրա է գտնվում սահմանից։

Նունե Ներսիսյանը հակադարձում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 23-ին կառավարության նիստում արած այն հայտարարությանը, թե «Նոյեմբերյան քաղաքը և նրա ծննդատունն ավելի մոտիկ է Ոսկեպարին, քան Աչաջուրը, ծննդկանն ինչու է ավելի լավ վիճակում գտնվող Նոյեմբերյանի ծննդատան փոխարեն նախընտրում Աչաջուրինը․․․ հիմա Նոյեմբերյան-Իջևան ճանապարհը գտնվում է փայլուն վիճակում, և Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհն էլ է գտնվում փայլուն վիճակում, ի տարբերություն 2018 թվականի»։

«Վարչապետի ասած ճանապարհը թշնամու դիտակետի տակ է, կա անցումային ճանապարհ, որը վերանորոգված չէ, բացարձակ խրամատանման ճանապարհ է, որը անցնելը 40-45 րոպե է, այդ ճանապարհով հղիի տեղափոխելը սովորական մեքենայով, կամ, նույնիսկ, շտապօգնության մեքենայով, նշանակում է ինչ-որ փորձությունների գնալ»,-նշել է տիկին Ներսիսյանը՝ վստահեցնելով, որ հայտարարված դրամահավաքի արդյունքում հավաքված միջոցներն ուղղվելու են բացառապես Աչաջուր համայնքի ծննդատան վերազինմանը, որի համար բանախոսի հաշվարկներով մոտ 25 միլիոն դրամ է անհրաժեշտ։

Ի դեպ, մարզերում ծննդատների փակման նպատակահարմարության վերաբերյալ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունները, այդ թվում՝ ծննդատներ փակելու գործընթացը չի կարող իրականացնել, քանի որ մարզերի բժշկական կազմակերպությունների հիմնադիրները մարզպետարաններն են։

Նախարարի պատասխան նամակն ամբողջությամբ պատգամավորը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։

Лента

Рекомендуем посмотреть