ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ՝ Կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Երևան քաղաքում գործող խոշոր առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող ընկերություններից կատարված գողությունների դեպքերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու, նախականխելու թեմայով:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմից պաշտոնատար անձինք: Ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը և «Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկաներին է ներկայացրել Երևանում գործող «Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների սրահներից, ինչպես նաև առևտրի կենտրոններից կատարված հափշտակությունների և փորձերի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննված քրեական գործերի ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն:
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների և առևտրի կենտրոններ կատարված այցելությունների արդյունքում պարզվել է, որ, որպես կանոն, հանցագործները բռնվել են հանցագործության առարկաներին փակցված ահազանգման սարքերի միանալու դեպքում, երբ անվտանգության աշխատակիցներն ահազանգի կապակցությամբ մոտեցել են հանցագործին, և դեպքն արձանագրվել է կահավորված տեսահսկող սարքերի օգնությամբ, և ընդամենը 7 դեպքում է, որ անվտանգության աշխատակիցն է նկատել հափշտակություն կատարելու պահը և բռնել հանցագործին:
Երկու առևտրի կենտրոններում հափշտակություն կատարած և պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9 %-ի դեպքում կալանավորում չի կիրառվել:
Հափշտակություն կատարած 359 անձանցից 71-ը մարզերի, իսկ 288-ը՝ Երևանի տարբեր վարչական շրջանների ոստիկանության համապատասխան ստորաբաժանումերի կողմից սպասարկվող վարչական միավորների բնակիչներ են:
Առևտրի կենտրոններում կատարված հափշտակությունների հետևանքով տնտեսվարողներին պատճառվել է 22.600.000 դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է15.500.000 դրամը:
Վնասի վերականգնման նպատակով մեղադրյալների գույքի վրա հիմնականում կալանք չի դրվել՝ այդպիսիք չլինելու պատճառով:
Հանդիպման ընթացքում որոշվեց, որ ոստիկանությունն ուսումնասիրություն իրականացնի, թե որքան ուժեր են անհրաժեշտ կենտրոնացնել առևտրի կենտրոններում՝ այնտեղ գողության դեպքերը կանխելու նպատակով: Իսկ մյուս գերատեսչությունները, առկա խնդիրները կարգավորելու նպատակով, իրենց առաջարկները Կոմիտե կներկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Դալմա Ինվեստ» և «Երևան մոլ»ՍՊ ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ նշված ընկերություններին պատկանող «Երևան» և «Դալմա» մոլ առևտրի կենտրոններում գործող մի շարքտնտեսվարող և անվտանգություննապահովող ընկերությունների ներկայացուցիչներ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին հասցեագրված դիմումով խնդրել էին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ընկերություններից հափշտակություն կատարած կրկնահանցագործների նկատմամբ առավել խիստ դատավարական ներգործության միջոցներ կիրառելու համար: Քննչական կոմիտե նույնաբովանդակ նամակ է ուղարկել նաև Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը: