Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Խաչատրյանների փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավը թույլատրելի համարելու և ողջամիտ գրավաչափ սահմանելու համար։
«Ուզում եմ արձանագրել, որ սա կարևոր, բայց և ուշացած որոշում էր դատարանի կողմից։ Չկային Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր։ Նա արդեն տևական ժամանակ է՝ շուրջ 5 ամիս, ինչ գտնվում է կալանքի տակ և առաջին իսկ օրվանից սկսած մենք հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին արգելանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։ Այս անգամ դատարանն իր բարձունքի վրա էր և օրինական որոշում կայացրեց»,-դատարանի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նշել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Իսկ գումարի չափը սահմանվել է 20մլն ՀՀ դրամ։ Փաստաբան Ամրամ Մակինյանը դեռ ամիսներ առաջ ընդգծում էր, որ Կարեն Խաչատրյանի գործով կարևոր հանգամանքը նրա ազգանունն է»,-ընդգծում են Խաչատրյանների փաստաբանական թիմից։
Նշենք՝ Կարեն Խաչատրյանը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է։ Գագիկ Խաչատրյանը ևս անցնում է նույն քրեական գործով, նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ:
Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ և Կարեն Խաչատրյաններին ձերբակալել էր 2019 թվականի օգոստոսի 27-ին։ Նույն օրն առավոտյան խուզարկություններ էին կատարվել նրանց պատկանող տարածքներում։