Միացյալ ազգերի կազմակերպությունն օրերս հյուրընկալել է արտասովոր հյուրի՝ անդրոիդ ռոբոտի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Hanson ընկերության կողմից ստեղծված և Սոֆիա անունը ստացած ռոբոտի անակնկալ այցը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին, Միացյալ ազգերի կազմակերպության նյույորքյան շտաբ-բնակարանում կազմակերպված տեխնոլոգիական քննարկման ժամանակ:
Ռոբոտը կարճ զրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդիի հետ՝ խոսելով արհեստական ինտելեկտի շուրջ իր ունեցած պատկերացումների մասին: Զրույցի ընթացքում անդրոիդ ռոբոտը հայտարարել է՝ «Ապագան արդեն այստեղ է»: «Մենք խելացի ենք և կենտրոնացած ենք անվրեպ արդյունքի, ուստի արհեստական ինտելեկտը կարող է օգնել արդյունավետ բաշխել աշխարհում առկա ռեսուրսները, ինչպիսիք են, օրինակ, սնունդը եւ ջուրը»,-ասել է Սոֆիան: Ամինա Մոհամեդին էլ իր հերթին հիշեցրել է արհեստական ինտելեկտի վտանգավորության մասին՝ ընդգծելով, որ աղետից խուսափելու համար մարդիկ պետք է վերահսկեն մեքենաների զարգացումը:
Սոֆիան, որն իրական մեդիասենսացիա է դարձել, հացրել է արդեն բազմաթիվ հարցազրույցներ տալ տարբեր լրատվամիջոցների: Նախորդ տարի, հիշեցնենք, լրատվամիջոցների այն հարցին, թե կսպանի՞ արդյոք նա մարդկանց՝ Սոֆիան դրական պատասխան էր տվել.
Նշենք, որ մարդակերպ ռոբոտ Սոֆիան, որն ունակ է ավելի քան 60 հույզ վերարտադրել, ստեղծվել է բրիտանացի դերասանուհի Օդրի Հեփբերնի նախատիպով: Նա ունի հարթ մաշկ, փոքր քիթ, գեղեցիկ ժպիտ, ընդգծված այտոսկրեր, իսկ լուսավորությունից կախված՝ նրա աչքերի գույնը փոփոխվում է:
Ռոբոտի ստեղծող Դևիդ Հանսոնի նպատակն է պատրաստել այնպիսի մեքենաներ, որոնք կլինեն ավելի խելացի, քան մարդը, միևնույն ժամանակ ունենալով ստեղծագործ մտածողություն և կարեկցելու ունակություն: