Չի բացառվում, որ առաջիկա օրերին Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դիմի վարչապետին՝ անկախ հանձնաժողով ստեղծելու և Գրիգորյանի գործով լիազոր մարմինների քայլերին՝ պաշտպանի որակմամբ՝ անօրինականություններին, գնահատական տալու հարցով։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ «այն, ինչ ընթանում է Մանվել Գրիգորյանի գործով, ոչ թե դատավարություն է, այլ տևական խոշտանգում երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ»։
Պաշտպանը տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, տառապում է 30-ից ավելի հիվանդություններով, բացարձակ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, գրեթե 24-ժամյա ռեժիմով թթվածին է միացված:
Փաստաբանը, հիշատակելով նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Մ. Գրիգորյանին հետագա բուժման նպատակով Ֆրանսիա տեղափոխելու միջնորդության մերժման որոշումը, որը, ըստ նրա, վերացական դատողության հիմքով էր, կարծիք է հայտնել, թե դատարանին, անհրաժեշտ է ոչ թե կենդանի Մանվել Գրիգորյան, այլ մահացած՝ «երևի այն սկզբունքով, որ չկա մարդ, չկա խնդիր»:
Հիշեցնենք՝ Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: