Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրությունը hy.wikipedia.org կայքում խմբագրվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Վիքիպեդիայի» խմբագրումների պատմությունների բաժնից։
Գեորգի Կուտոյանի մահվան մասին լուրն ամենաթարմ խմբագրումն է, որը կատարվել է hy.wikipedia.org-ում զետեղված Կուտոյանի կենսագրականում։ Ստորև ներկայացնում ենք փոփոխությունների ժամանակագրությունը և փոփոխված-խմբագրված տեղեկությունը։
ԱԱԾ նախկին տնօրենի մահվանը նախորդող օրը՝ 2020 թվականի հունվարի 16-ին, ջնջվել է նրա կենսագրությունը, սակայն կարճ ժամանակ անց այն վերականգնվել է մեկ այլ մասնակցի կողմից։ Կենսագրությունը ջնջող մասնակցի անունը «Գեորգի Կուտոյան» է եղել։
Նույն գործողությունները կատարվել են այս տարվա հունվարի 3-ին։ Այդ օրը կենսագրությունը ջնջել է կրկին «Գեորգի Կուտոյան» անունով մասնակիցը, սակայն վերականգնվել է։ Դրանից հետո արդեն «46.71.150.60» IP հասցեից են ջնջել կենսագրությունը, որը կրկին վերականգնվել է։ IP հասցեն ցույց է տալիս որպես Վանաձոր քաղաքում գրանցված հասցե։
Միանշանակ հնարավոր չէ պնդել, որ օգտատերը եղել է հենց ԱԱԾ նախկին տնօրենը։ Տեսականորեն չի բացառվում նաև, որ հենց ինքն է եղել։
Գեորգի Կուտոյանի կենսագրականում փոփոխություն է եղել նաև 2019 թվականին։ Մայիս ամսին մի օգտատեր ավելացրել է Կուտոյանի և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի բարեկամական կապի մասին տեղեկությունը։ Հունիսի 21-ին մեկ այլ օգտատեր ջնջել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ դա ոչ նշանակալի տեղեկատվություն է։
ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրականում ավելի վաղ՝ 2018 թ-ի մայիսի 10-ին է ավելացում արվել։ Ավելացվել է տեղեկություն, որ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։
«Վիքիպեդիան» ազատ բովանդակությամբ բազմալեզու հանրագիտարան է, որը կառուցում են Վիքիպեդիա կայքից օգտվողները և խմբագիրները՝ ազատ խմբագրման ձևաչափով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին։