ՀՀ քննչական կոմիտեն (ՔԿ), հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործություննրի քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի նկատմամբ,հայտնում է, որ քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն:
«Ավելին՝ քրեական գործի շրջանակներում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ գենետիկական (ԴՆԹ) փորձաքննություն:
Ի պատասխան երեխաների որդեգրման գործընթացում մասնակցություն ունեցած միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունների՝ հայտնում ենք, որ նախաքննական մարմնի կողմից երբևէ չի տարածվել տեղեկատվություն` այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների կողմից թույլ տրված ապօրինությունների, ինչպես նաև՝ օրգանների անօրինական վաճառք իրականացնելու նպատակով երեխաների որդեգրումներ կազմակերպելու վերաբերյալ:
Նախաքննական մարմնի կողմից մինչ այժմ հրապարակվել են միայն տեղեկություններ` որդեգրումների գործընթացում մասնակից տարբեր անձանց և կառույցների կողմից ՀՀ տարածքում կատարված առերևույթ ապօրինի գործընթացների վերաբերյալ` չխախտելովհրապարակման ենթակա տեղեկատվության թույլատրելի սահմանները:
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք սույն գործընթացների վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին, այդ տվյալները կարող են հայտնել նաև նախաքննական մարմնին՝ քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու համար:
Հայտնում ենք նաև, որ ինչպես դիմումատուների, այնպես էլ որդեգրված երեխաների և նրանց ծնողների տվյալները հրապարակման ենթակա չեն, և հանդիսանում են նախաքննական գաղտնիք»,-ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում: